Սեպտեմբեր 08, 2010 | 20:13
Ֆրանսիայի Սենատը սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել մահմեդական
փարանջա կրելն արգելող օրինագծին: Օրինագծին կողմ է քվեարկել 335, դեմ` 1
պատգամավոր:
Նշենք, որ այս նախաձեռնությամբ, դեռեւս այս տարվա հունվարին հանդես էր
եկել Ֆրանսիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը:
Արգելքը վերաբերում է, այսպես կոչված, «ամբողջական քողին»` իրանական
փարանջային, արաբական նեկաբային եւ աֆղանական բուրկային, որոնք
ամբողջությամբ փակում են դեմքը, միայն մի նեղ շերտ թողնելով աչքերի համար:
Նախագծի հեղինակներն առաջարկում են օրենք ընդունել, որը հեռանկարում
ընդհանրապես կարգելի կանանց փակ դեմքով հայտնվել հասարակական վայրերում:
Ավելին, նրանք առաջարկել են Ֆրանսիայի պետական մարմիններին աշխատանքային
վիզաներ, Ֆրանսիայում ապրելու իրավունք կամ քաղաքացիություն չտրամադրել փակ
դեմքով կանանց, հաղորդում է DV-News-ը:
Կրոնական գլխաշոր կրելը, որը ծածկում է գլուխն ու վիզը, բաց թողնելով
միայն դեմքը, արգելված է Ֆրանսիայում 2004-ից: «Քվեարկությանը ներկա են
եղել 336 պատգամավորներ, որոնցից 335-ը կողմ է քվեարկել օրինագծին եւ միայն
մեկ դեմ է եղել»,- ասել է խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայության
ներկայացուցիչը:
Օրենքը խախտողները ստիպված կլինեն 150 եվրո տուգանք վճարել: Բացի այդ,
օրենքը 30 հազար եվրո տուգանք եւ 1 տարվա ազատազրկում է նախատեսում նրանց
համար, ովքեր կստիպեն կանանց «ամբողջական քող» կրել: Իսկ եթե այդ ճնշումը
գործադրվի անչափահասի նկատմամբ, ապա տուգանքի չափը կլինի 60 հազար եվրո: