Սեպտեմբեր 06, 2010 | 10:32
ԵԽԽՎ-ի թուրք նախագահ Մելութ Չավուշօղլուն, ով բավական շուտ-շուտ է
մոռանում, թե ինչ կառույց է ներկայացնում, հերթական անգամ
ադրբեջանա-թուրքական կողմնակալ հայտարարությամբ է հանդես եկել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Մեւլութ Չավուշօղլուն, ավարտելով իր
Ստոկհոլմի հանդիպումները, մեկնել է Գյոթեբորգ, որտեղ մասնակցել է մի
կոնֆերանսի, որի մասնակիցներից է եղել Շվեդիա-Թուրքիա խորհրդարանական
բարեկամության հանձնաժողովի նախագահ, շվեդական իշխող կոալիցիայի անդամ
«Մոդերատ» կուսակցության պատգամավոր Գորան Լինդբլադը, ով նաեւ ԵԽԽՎ-ում
Հայաստանի հարցով համազեկուցողն է:
ԵԽԽՎ-ի թուրք նախագահը նշել է, թե Թուրքիան զարգացնում է
հարաբերությունները, թե արեւմուտքի, թե արեւելքի հետ եւ հավելել. «Թուրքիան
ցանկանում է բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորել:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ամենակարեւոր պայմանը`
Հայաստանի կողմից «բռնազավթած ադրբեջանական հողերի» ազատումն է: Եթե
Հայաստանն այս պայմանը կատարի, նրա հետ էլ մեր հարաբերությունները
կկարգավորենք»: Նա հիշեցրել է, որ Թուրքիան միշտ օգնել է եւ էլի
շարունակելու է օգնել Ադրբեջանին:
Իր հերթին, Գորան Լինդբլադը, հիշեցնելով սեպտեմբերի 19-ի Շվեդիայի
խորհրդարանական ընտրությունները, նշել է, թե այս տարվա մարտի 11-ին
շվեդական խորհրդարանում Հայոց ցեղասպանության օրինագիծն անցկացրած ձախ
բլոկի կուսակցությունները ցանկանում են Հայոց ցեղասպանության ճանաչման
նախագիծը մտցնեն ԵՄ եւ ՄԱԿ: Նրանք այդ հարցում արդեն պայմանավորվել են եւ
ցանկանում են նույնիսկ դպրոցական դասագրքերում ներառեն Հայոց
ցեղասպանությունը: Նրանց նախաձեռնությունները տապալելու համար ձեր ձայները
տվեք «Մոդերատ» եւ մյուս աջ կուսակցություններին»-ամփոփել է Գորան
Լինդբլադը: