Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ոչ մի ահաբեկչություն էլ չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը, վստահեցնելով, որ արտասահմանյան լրատվամիջոցներով բարձրացված աղմուկը չափազանցված է:
«Տեղի է ունեցել հետեւյալը. Աղբի մեջ ընկած է եղել սովորական բալոն, լցված մազութով, որը պայթել է անհայտ պատճառներով: Դա ոչ ահաբեկչություն էր, ոչ էլ մտածված պայթյուն: Ուղղակի պատահար է տեղի ունեցել, որը ոչ քաղաքական, ոչ էլ ծայրահեղական բնույթ չէր կրում»,- հայտարարել է Քանդահարյանը: Նրա խոսքով, պայթյունի հետեւանքով, երեք անցորդ թեթեւ մարմնական վնասվածք է ստացել (քերծվածքներ):
«Ազդակի» խմբագիրը նշել է, որ, իսկապես, դեպքը տեղի է ունեցել Բեյրութի հայկական թաղամասերի մոտ, բայց ոչ մի հայ չի տուժել:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ Բեյրութի թաղամասերից մեկում պայթյուն է որոտացել: Մասնավորապես, MIGnews-ը հաղորդել էր, որ ահաեկչություն է կատարվել, որի արդյունքում, իբր զոհվել է երեք մարդ: