![30555](http://zhamanc.am/wp-content/uploads/2010/09/305552.jpg)
Ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի նախկին մեներգիչ Սերժ Թանգյանը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) և Հայկական երիտասարդական ֆեդերացիայի (AYF) հետ համատեղ սեպտեմբերի 9-ից սկսել է «Այո, դա ցեղասպանություն է» քարոզարշավը:
Քարոզարշավի նպատակն է կոչ անել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, Դարֆուրում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ վճռական քայլեր կատարելու իր խոստումները:
Քարոզարշավի շրջանակում կազմակերպվել է ակցիա, որը կոչ է անում Թանգյանի բոլոր երկրպագուներին և ցեղասպանությունների դեմ հանդես եկող ակտիվիստներին այցելել anca.org/yesitsgenocide և նամակ ուղարկել Օբամային` կոչ անելով այդ ուղղությամբ արագ քայլեր ձեռնարկել:
Նույն քարոզարշավի շրջանակում սեպտեմբերի 21-ին լույս կտեսնի Սերժ Թանգյանի նոր սոլո ալբոմը` Imperfect Harmonies («Անկատար ներդաշնակություններ»)։
«Այո սա ցեղասպանություն է» քարոզարշավի շրջանակում, AYF–ը կազմակերպել է վիդեո մրցույթ, որն ԱՄՆ–ում ապրող երիտասարդությանը կոչ է անում ներկայացնել իրենց վիդեո բացատրությունը, թե ինչու է անհրաժեշտ խոսել Հայոց ցեղասպանության մասին և քայլեր ձեռնարկել ցեղասպանությունները կանխելու ուղղությամբ:
Նշենք, որ Imperfect Harmonies-ի 8-րդ` «Այո սա ցեղասպանություն է» երգի բառերը հայերեն են, երգը նվիրված է Մեծ եղեռնի 1,5 մլն զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դադարեցնել Ցեղասպանությունը Դարֆուրում, սակայն նախագահ ընտրվելուց հետո բազմիցս է բաց թողել իր խոստումները կատարելու հնարավորությունը: