Հարզազրույց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ
Առաջի՞ն անգամ էիք Ջավախքում:
Պաշտոնական կարգավիճակում` այո, առաջին անգամ էի այցելում:
Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել այնտեղից:
Ամենայն անկեղծությամբ կասեմ, որ շատ հետաքրքիր մի բան ինձ համար պարզեցի. այնտեղ վրացական իշխանությունները բավականին գումարներ են ծախսում, համենայնդեպս ճանապարհների, ենթակառուցվածքների մասով ակնհայտ էր դա,տեսանելի էին բարվոք ճանապարհները: 300 երիտասարդների համար նախատեսված մարզադպրոցը շատ հաճելի տպավորություն թողեց, և փոքրիկ բակային ֆուտբոլային ստադիոնները, որոնք արհեստական խոտածածկ ունեին: Այնտեղ հայ երեխաներ էին խաղում, մոտեցա, հայերենով հարցրի` «երեխաներ, գոհ եք, լավ է ձեզ մոտ ամեն ինչ», ասացին` «հա, նորմալ է»: Գնդակ խաղացի մի քիչ իրենց հետ: Մյուս կողմից էլ ես հստակ հասկանում եմ, որ այնտեղ բնականաբար կան խնդիրներ:
Ո՞ր խնդիրներն էին նկատելի:
Ես կարծում եմ, որ այնտեղ գոյություն ունի սոցիալական շերտավորման խնդիր, ջավախքահայությունը միարժեք ու համահավասար սոցիալական վիճակի մեջ չէ: Կան լավ ապրող մարդիկ, միջին ապրող և շատ վատ ապրող մարդիկ: Ընդհանուր առմամբ այն, ինչը որ ես եմ տեսնել, նորմալ կարելի է գնահատել:
Իսկ ի՞նչ պետք է անել:
Ես, երբ իմ վրացի գործընկերոջ հետ խոսում էի, մի բան եմ ասել, որ մենք` հայերս անքակտելի բնական իրավունք ունենք առնչվելու մեր պատմամշակութային ժառանգության հետ: Եվ ինքն ասաց` ճիշտ է, դա նորմալ է և ասաց` ամռանը եկեք Ջավախքում հայ-վրացական երիտասարդական հավաք կազմակերպենք: 300 երիտասարդներ Հայաստանից, 300 Վրաստանի տարբեր տեղերից և ևս 200 տեղացի`ջավախքահայ երիտասարդներ:
Որպես սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, երիտասարդության հետ կապված ի՞նչ խնդիրներ եք առանձնացրել Ջավախքում:
Թերևս` զբաղվածության խնդիրը: Կարծում եմ, որ դա խնդիր է ոչ միայն ջավախքահայության համար, այլ նաև մեր երիտասարդների համար:
Երիտասարդների զբաղվածության խնդիրն արդյոք կապվա՞ծ չէ վրացերենի իմացության և այդ պայմանով աշխատանք գտնելու խնդրի հետ:
Շատ նուրբ հարց է, անպայմանորեն, և թերևս կապված է նաև լեզվի իմացության խնդրի հետ: Այնտեղ մի փոքրիկ խոսակցության ժամանակ այդպիսի մի ակնարկ եղավ, որ պետական լեզուն վրացերենն է, բայց իրենք (ջավախքցիները-Ք.Ա. ) ուզում են, որ հայ մարդիկ նաև կառավարեն, լինեն տեղական ինքնակառավարման մարմիններում, խորհրդարանում և այլն, և հասկացրեցին, որ լեզվական խնդիր գոյություն ունի: Անշուշտ հասկանալի մոտեցում է, բայց դրա հետ մեկտեղ պետք է շատ ուշադիր լինենք, որովհետև ազգապահպանության և առհասարակ հայապահպանության գլխավոր մեխը հայոց լեզվի և լեզվամտածողության մեջ է:
Մենք էլ մեր հերթին, համենայնդեպս, ջանք ու եռանդ չպիտի խնայենք և հասարակական սեկտորի մակարդակով, և պետական կառավարման տարբեր գերատեսչությունների մակարդակով: Որոշակիորեն հայապահպանության և լեզվամտածողության խնդիր է, որը պետք է լուծվի` դեմ չլինելով Վրաստանի քաղաքացիների սահմանադրական պարտականությունների կատարմանը, մյուս կողմից էլ, որպես կոմպակտ մի տարածքում բնակվող հայության մեծ հատված, մենք ամեն ինչ պետք է անենք` ինքնաճանաչողության, լեզվամտածողության խնդիրների հետ կապված: Ես շատ վատ եմ դիտարկում, երբ որ Ջավախքից հայ երիտասարդը գալիս է Երևան, բնակություն է հաստատում և այլևս չի վերադառնում Ջավախք:
Այդ դեպքում հայոց լեզվին որևէ կարգավիճակ տալը չի նպաստի՞, որ զբաղվածության և աշխատանքի համար այդ երիտասարդները չգան Երևան և հայապահպանության խնդիրը ինչ-որ չափով լուծվի:
Իհարկե կարելի է այդ խնդիրների շուրջ մտածել, և ոչ միայն մտածել, այլ պրակտիկ քայլերի գնալ: Միանշանակ կարելի է:
Այսինքն` Դուք կո՞ղմ եք, որ հայոց լեզուն Ջավախքի տարածաշրջանում կարգավիճակ ստանա կամ երկրորդ գործածվող լեզու դառնա:
Բնականաբար, բայց մյուս կողմից էլ զուգահեռ պետք է լինի վրացերենին, որովհետև շատ լուրջ խնդիրներ են իրականում սրանք և շատ զգույշ պետք է լինել, որ չվնասվի ինչ-ինչ հանգամանքներ: Ես արտաքին հարաբերությունների մասնագետ չեմ, բայց լինելով պատմաբան, շատ լավ հասկանում եմ մի բան, որ ժողովրդի միջև հարաբերությունները պետք է կառուցել փոխզիջման, համագործակցության և փոխշահավետության ելակետերի հիման վրա:
Այլ խնդիրներ չեք նկատե՞լ` կապված ջավախքահայության իրավունքների ոտնահարման կամ քաղաքական ճնշումների հետ:
Բնականաբար 3 ժամվա մեջ ես չէի կարող հասցնել որևէ խորքային խնդիրների առնչվել, մանավանդ, որ մեր տեմպը ավելի շատ վազքի նման էր, ուղղակի ֆիզիկապես դա հնարավոր չէր հասկանալ: