Սեպտեմբեր 21, 2010 | 10:10
Երեկ ժամը 23:30-ի սահմաններում Լենինգրադյան եւ Շինարարների փողոցների հատման հատվածում իրար են բախվել «Մերսեդես ML» մակնիշի 60 SO 101, «Օպել» մակնիշի 22 OS 803 եւ «Կոմս» տաքսի ծառայության «ՎԱԶ» 2107 մակնիշի Տ 5389 համարանիշերով ավտոմեքենաները (ֆոտոռեպորտաժ): Ֆոտոլրագրող Գագիկ ՇամշյանըNEWS.am-ին դեպքի վայրից հայտնեց, որ վթարի հետեւանքով Մերսեդեսի ուղեւորներ 21-ամյա Հովհաննես Վադիմի Սպարտալյանը եւ 20-ամյա Սերգեյ Վարդանի Հակոբյանը, «Օպել» մեքենայի վարորդ 25-ամյա Ներսես Վարդանի Սեդրակյանը եւ ուղեւոր 20-ամյա Արփինե Աշոտի Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բացահայտման բաժնի հետաքննիչը: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տաքսու վարորդ 50-ամյա Զոհրապ Ալմարտինի Հովսեփյանին տեղափոխել են Ավանի նարկոլոգիական դիսպանսեր, որպեսզի պարզեն, թե, արդյոք, մեքենան վարելու ժամանակ նա եղե՞լ է ոգելից օգտագործած վիճակում:
Շուրջ 30 րոպե ճանապարհային ոստիկաններին չէր հաջողվում տիրապետել իրավիճակին, քանի որ մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել: Այնուամենայնիվ, նրանց հաջողվեց տարածքն ազատել հետաքրքրասեր քաղաքացիներից, ինչից հետո հետաքննիչը սկսեց վթարի վայրի տեղազննման աշխատանքները: Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ «Օպել»-ի ուղեւորը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհին: