Հոկտեմբեր 18, 2010 | 22:16
Այս տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին երկրի ղեկավարի պաշտոնը թողնելու վերջնագիր է ներկայացնելու: Այս մասին վրացական «Վերսիա» թրթին տված հարցազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելբախիանին, հավելելով, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայանալու է Թվիլիսիում ընդդիմության զանգվածային ելույթերի ֆոնին:
«Ես գիտեմ, որ դեկտեմբերին Օբաման եւ Սահակաշվիլին հանդիպելու են, որտեղ հարցը դրվելու է այսպես. կամ դու անցկացնում ես արտահերթ ընտրություններ, կամ մենք լվանում ենք մեր ձեռքերը»,-նշել է Գելբախիանին, ով ներկայումս գտնվում է հետախուզման մեջ` պետական կարգը տապալելու նպատակով դավադրությանը մասնակցություն ունենալու մեղադրանքով:
«Իմ ունեցած տվյալներով, մինչեւ 2012-ի մայիս Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կայանալու»,- ասել է նա:
Հետախուզման մեջ գտնվող գործիչը պնդում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը տեղեկացված է դեպքերի նման զարգացման մասին եւ վրացի գործարարներին հրահանգել է չխանգարել Սահակաշվիլիի հակառակորդներին:
«Ռուսաստանում գործող վրացի գործարարներն ուղղակի հրահանգ են ստացել ռուսական իշխանություններից` չմիջամտել վրացական ընդդիմության գործերին, քանի որ Ամերիկան Ռուսաստանին երաշխիք է տվել, որ շուտով Սահակաշվիլին չի լինելու Վրաստանի ղեկավար»,- հայտարարել է նախկին պատգամավորը: