NEWS.am-ը ներկայացնում է The
 Washington Post թերթում հրապարակված Փոլ 
Էլիասի հոդվածը, որոշակի կրճատումներով:
Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի վերաքննիչ դաշտային դատարանը փոխել է իր 
դիրքորոշումը եւ որոշել, որ Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց 
ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են գումարներ ստանալ այն 
ընկերություններից, որոնք իրենց հարազատներին են վաճառել կյանքի 
ապահովագրական պոլիսներ: 
ԱՄՆ-ի 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը Սան Ֆրանցիսկոյում վճռել է, որ
 Կալիֆորնիա նահանգի օրենքը հայոց ցեղասպանության մասին, չի հակասում ԱՄՆ 
արտաքին քաղաքականությանը:
Անցած տարի նույն դատարանը որոշել էր, որ ԱՄՆ կառավարությունը Թուրքիայի
 կառավարության կողմում է, ուստի Կալիֆորնիայի նահանգային օրենքը, որը 
1915-ի դեպքերը համարել է ցեղասպանություն, չեղյալ է համարվում, քանի որ 
հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը: 
 Սակայն այս անգամ դատավոր 
Դորոթի Նելսոնը կտրուկ եւ անսպասելի քայլ է արել եւ փոխել իր որոշումը՝ 
անցնելով դատավոր Հարրի Փրեջերսոնի կողմը:
«Մենք եզրակացրեցինք, որ չկա հստակ ընդգծված դաշնային քաղաքականություն,
 որը կարգելի նահանգներին օգտագործել «Հայոց ցեղասպանություն» տերմինը»,- 
գրել է Փրեջերսոնը:
Դատարանի որոշումը վերակենդանացրել է ցեղասպանության զոհերի երեք 
ժառանգների հայցն ընդդեմ գերմանական ապահովագրական ընկերությունների, այդ 
թվում Munich Re AG-ի:
 «Դա կատարվեց անսպասելիորեն: Սա հայ ժողովրդի 
համար մեծ հաղթանակ է»,- ասել է փաստաբան Բրայան Քաբաթեքը:
Քաբաթեքն ու էլի մի քանի փաստաբաններ նմանատիպ հայցեր են ներկայացրել 
ընդդեմ New York Life Insurance Co.-ի եւ ֆրանսիական AXA-ի: Այդ հայցերի 
վերաբերյալ վճիռներ են կայացվել 2005-ին, որի ընդհանուր գումարը կազմել է 
37,5 մլն դոլար:
Դատարանը նաեւ որոշել է, որ ապահովագրական ընկերությունները կարող են 
դիմել դատարան կրկին անգամ դատական լսումներ կազմակերպելու հայցով: Նրանք 
կարող են դիմել նաեւ ԱՄՆ գերագույն դատարան: