Սեպտեմբեր 04, 2010 | 11:50
Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը
բացահայտեց, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված գումարի
միայն կեսն է ծախսել: 1998-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում
Կոնգրեսն Արցախին 61 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն է հատկացրել`
չհաշված 2000-2002 թվականներին հատկացված չճշտված մոտ 10 միլիոն դոլարը:
Հայ Դատի Հանձնախմբի կողմից ձեռք բերված ԱՄՆ կառավարության փաստաթղթերից
պարզվել է, որ 1998-2010 թվականներին Պետդեպարտամենտը որպես մարդասիրական
օգնություն Արցախում ծախսել է միայն 36 միլիոն դոլար:
ԱՄՆ-ի Դեմոկրատական եւ Հանրապետական իրար հաջորդող վարչակարգերն
Ադրբեջանին հանգստացնելու համար փորձել են խափանել Արցախին օգնություն
տրամադրելու Կոնգրեսի ջանքերը: Ի զորու չլինելով կանխել նման հատկացումների
հաստատումը, Պետդեպարտամենտը Կոնգրեսի կամքին հակառակվելու համար խորամանկ
հնարքների է դիմել` ծախսելով Արցախին հատկացված ֆինանսական օգնության
միայն մի մասը: Ադրբեջանը մշտապես պնդել է, որ Միացյալ Նահանգների կողմից
Արցախին հատկացվող ցանկացած օգնություն պետք է ուղղվի Բաքվի միջոցով:
Չնայած վարչակարգի եւ Ադրբեջանի առարկություններին, Կոնգրեսը շարունակել է
օգնություն հատկացնել Արցախին, վերացնելով ոլորտների սահմանափակումը. 2010
թվականին նրա նախատեսած 8 միլիոն դոլարը հատկացվել է ՙԼեռնային Ղարաբաղում
նախագծերի եւ միջոցառումների՚, այլ ոչ թե բացառապես մարդասիրական ծրագրերի
համար:
Տասներկու տարիների ողջ ընթացքում ոչ Հայաստանը, ոչ Արցախը, եւ ըստ
երեւույթին ոչ էլ ամերիկահայ համայնքը Կոնգրեսին չի բողոքել
Պետդեպարտամենտի` Արցախի համար հատկացված գումարներն ամբողջությամբ
չծախսելու համար: Զարմանալի է, որ Հայ Դատի Հանձնախմբի կողմից կրճատումների
բացահայտումից հետո, Արցախի մի բարձրաստիճան պաշտոնյա չի կարեւորել
տրամադրված օգնության նվազեցումը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Լեռնային
Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
նախագահ Վահրամ Աթանեսյանը հատկացումների ծավալի նվազեցումը արդարացրել է,
այն կապելով վերջին տարիներին Արցախի արձանագրած «բավական տնտեսական աճի»
հետ:
Մինչ հայերը զարմանալիորեն լուռ էին մնում, Կոնգրեսը 2001 թվականից
սկսած բազմիցս կոչ է արել վարչակարգին «անհապաղ իրացնել մնացած 20 միլիոն
դոլարի մարդասիրական օգնությունը, որը Բանաձեւով նախատեսված էր 1998
թվականի ֆինանսական տարվա համար»: Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը
Պետքարտուղարից պահանջել է 15 օրվա ընթացքում զեկուցել Միացյալ Նահանգների
կողմից Արցախին ցուցաբերած աջակցության մնացորդային գումարի
մասին`օգնության օրինագիծն ուժի մեջ մտնելու պահից սկսած: 2004-2005 թթ.
Սենատը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (USAID) պահանջել էր իր
ծրագրերը ներկայացնել հատկացված դրամական միջոցները ծախսելու վերաբերյալ`
օգնության օրինագիծն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Ցավոք,
մեղքի առյուծի բաժինն ընկնում է Օբամայի վարչակազմի վրա: Նրա պաշտոնավարման
առաջին երկու տարիների ընթացքում չի ծախսվել 12 միլիոն դոլար, այսինքն
1998 թվականից ի վեր Արցախին հատկացված եւ չծախսված գումարների մեկ
երրորդը:
Սենատոր Բարբարա Բոքսերը հնարավորություն ունեցավ այս հարցը հետապնդել
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Մեթյու Բրայզայի` հուլիսի
22-ին ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նրա հաստատման համար
անցկացված լսումների ընթացքում: Սենատորը ցանկացել է պարզել, թե ինչու
Արցախին հատկացված 16 միլիոն դոլար օգնության գումարից միայն 4 միլիոնն է
ծախսվել վերջին երկու տարիների ընթացքում: Ի պատասխան Բրայզայի
խուսանավումների, սենատոր Բոքսերը պահանջել է գրավոր «մանրամասն հաշվարկ
ներկայացնել Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին վերջին հինգ
տարիների համար հատկացված բոլոր օգնությունների ծախքերի վերաբերյալ»: Նա
խստորեն հարցրել է, թե «Ինչո՞ւ Կոնգրեսի կողմից 2009 եւ 2010 թվականներին
Լեռնային Ղարաբաղին հատկացված ամբողջ գումարը չի ծախսվել»: Բրայզան եւս մեկ
անգամ չի կարողացել գոհացուցիչ պատասխան տալ սենատորի հարցին:
Ուստի, սենատոր Բոքսերն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին
խնդրել է Բրայզայի հաստատման քվեարկությունը հետաձգել մինչեւ սեպտեմբերի
կեսերը Սենատի արձակուրդից վերադառնալը: Հուսով ենք, որ այն Բրայզային
հնարավորություն կտա պարկեշտ հաշվարկ պատրաստել` պարզաբանելով, թե ինչու
Վաշինգտոնի օգնությունն Արցախին ամբողջությամբ չի հասել: Միաժամանակ,
Բրայզայի հաստատման ձգձգումը թույլ կտա Սենատին ավելի հանգամանորեն ստուգել
նրա անցյալի վերաբերյալ ի հայտ եկած հարցերը:
Ակնհայտ է, որ Բրայզան եւ իր նախորդները Պետդեպարտամենտում, տարբեր
հնարքների են դիմել Կոնգրեսի մտադրությունները խափանելու համար: Նրանք
փորձել են հանգստացնել Ադրբեջանին` սահմանափակելով եւ ուշացնելով Արցախին
խիստ անհրաժեշտ օգնությունը:
Այժմ ամերիկահայերը պետք է Կոնգրեսից պահանջեն հետաքննել
Պետդեպարտամենտի կողմից երկրի օրենսդիր մարմնի հանձնարարագրի ձախողումը,
չծախսելով Արցախին հատկացված օգնության գումարներից 35 միլիոն դոլարը,
վերջին 12 տարիների ընթացքում:
Եթե հետաքննությունը թերացումներ բացահայտի Պետդեպարտամենտի պաշտոնատար
անձանց աշխատանքում, ապա ամերիկահայերը պետք է Կոնգրեսից պահանջեն 35
միլիոն դոլարի միանվագ օգնություն հատկացնել Արցախին` որպես փոխհատուցում
Միացյալ Նահանգների կառավարության կողմից օրենքով սահմանված գումարը
չծախսելու համար:
Հուսով ենք, որ Կոնգրեսի կողմից իրականացվող հետաքննության շուրջ
բարձրացված աղմուկը Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց կստիպի այսուհետեւ
ավելի զգուշավոր լինել Արցախի համար նախատեսված ֆինանսական միջոցների
ծախքերի հետ գործ ունենալիս:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր