Սպիտակ տունն աջակցում է Մինսկի խմբին, բայց իրականում դա աջակցություն է ստատուս-քվոյին:
Հնարավոր է, որ 15 տարի գործող Մինսկի խմբի հանդիպումները շարունակվեն նաեւ հետագայում: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, Հյուսիսային համալսարանի պետական համալսարանի դոցենտ Թոմաս Ամբրոսիոն:
Նրա խոսքով, Սպիտակ տան հայտարարություններից բխում է, որ ղարաբաղյան հարցը նրա համար գերակա է, սակայն եթե բոլոր հարցերն են գերակա, ուրեմն գերակա ոչինչ չկա:
«Իսրայելա-պաղեստինյան հակամարտության համեմատությամբ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խաղաղարար գործընթացում ես չեմ տեսնում գործուն եւ ակտիվ դիվանագիտական գործունեություն վարչակազմի կողմից»,- ասել է փորձագետը:
Մեկնաբանելով ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարները՝ Թոմաս Ամբրոսիոն նկատել է, որ այսօր Սպիտակ տունը որոշ չափով հեռացել է Ադրբեջանի հետ դաշինքից, որ ստեղծվել էր Բուշի օրոք:
«Բուշի օրոք ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին: Չեմ կարծում, թե Բարաք Օբամայի օրոք այդ հարաբերությունները նույն կետին կհասնեն»,- ամփոփել է Թոմաս Ամբրոսիոն: