Սեպտեմբեր 06, 2010 | 11:38
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը եւ օրվա ընթացքում
ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է
հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին
հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների
կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, դիպուկահար հրացաններից եւ
նռնականետերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է 5000-ից
ավելի կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես
Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղություններում: Միայն
Վերին Չայլու գյուղի առաջնային բնագծի վրա գիշերվա ժամը 04:45-ի
սահմաններում հակառակորդը ДШК եւ ПК տիպի գնդացիրներից արձակել է ավելի քան
600, իսկ AК ինքնաձիգերից' շուրջ 3000 փամփուշտ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,
սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի
շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ
արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական
առաջխաղացման փորձ: Հայ դիրքապահներին հաջողվել է մերձամարտի արդյունքում
գնդակահարել հրոսակներից մեկին: Դիվերսիոն խումբը փախուստի ժամանակ պայթել
էր ականի վրա: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր երկու զոհի մասին:
Նշենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար դիվերսիոն
գործողություններ է իրականացնում: Այսպես, օգոստոսի 31-ի առավոտյան
ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն փորձն էր ձեռնարկել Ադրբեջանի եւ
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի
ուղղությամբ: Մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ
Պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը:
Հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել
ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը
կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը՝ վիրավորվել էին: