Սեպտեմբեր 04, 2010 | 17:23
Ադրբեջանական դիվերսիոն խումբը, որն այսօր՝ սեպտեմբերի 4-ի առավոտյան
հարձակվել է Լեռնային Ղարաբաղի դիրքերի վրա, նպատակ է ունեցել գերեւարել
որեւէ հայ զինվորի:
Տեղում իրադարձություններին ծանոթանալու համար Լեռնային Ղարաբաղ են
մեկնել լրագրողներ, որոնք փոխանցում են, թե դիվերսիոն խումբը բաղկացած է
եղել 8 հոգուց: Հակառակորդը ԼՂՀ ՊԲ դիրքերի վրա է հարձակվել 3
ուղղություններով: Դիվերսանտներից մեկը ցատկել է խրամատ եւ ձեռնամարտի
բռնվել ժամկետային զինծառայողների հետ: Ժամկետային զինծառայող Արման
Մանուկյանին հաջողվել է տապալել ադրբեջանցի հատուկջոկատայինին, իսկ վրա
հասած ծառայակիցը գնդակահարել է հակառակորդին:
Սպանված ադրբեջանցի դիվերսանտը եղել է բավական լավ զինված: Մասնավորապես
նրա մոտից հայտնաբերվել են իսրայելական արտադրության գիշերային տեսասարք,
դանակներ, խլացուցիչով ինքնաձիգ: Նա եղել մոտ 25-30 տարեկան, մկանոտ
երիտասարդ:
Դեպքից քիչ անց ժամանել է ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ով ծանոթացել
է հանգամանքներին: Գեներալը շնորհակալություն է հայտնել եւ հրամանատարական
ժամացույցներով պարգեւատրել է զինվորներին՝ նշելով, որ նրանք
պարգեւատրվելու են նաեւ կառավարական արգեւներով:
Ի դեպ, Ղարաբաղի հետախուզությունը տեղեկությունների է տիրապետում, որ
ձախողումից հետո ադրբեջանական բանակում իսկական խուճապ է տիրում:
Նշենք, որ սեպտեմբերի
4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու
հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք)
արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական
առաջխաղացման փորձ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից
ձեռնարկված համապատասխան գործողությունների եւ ծավալված մերձամարտի
արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1
դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները
պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝
նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի
հրամանատար է: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:
Ադրբեջանցի հրոսակները
դիվերսիոն գործողություններ էին իրականացրել նաեւ օգոստոսի 31-ին Ադրբեջանի
եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի
ուղղությամբ: Մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ
Պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը:
Իսկ հունիսի 18-ին
Չայլուի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինված
դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4
զինվոր, եւս 4-ը՝ վիրավորվել էին: