<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Среда, 16.01.2019, 17:59
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Октябрь » 2 » Գուցե, դարը չդատի, պատմությունն էլ լռի, բայց սերունդները չե°ն ների…
20:10
Գուցե, դարը չդատի, պատմությունն էլ լռի, բայց սերունդները չե°ն ների…
Գուցե, դարը չդատի, պատմությունն էլ լռի,
բայց սերունդները չե°ն ների…







Պատերազմ, կոտորած, պայքար, վերաբաժանում, վերաձևավորում. ահա մանրամասներն այն չգրված, սակայն միշտ խաղարկային սցենարի, որ բոլոր դարամուտերում պատմությունն անփոփոխ ներկայացնում է աշխարհին: 21-րդ դարի սցենարը նախորդներից ոչնչով չի տարբերվում. ամենուր և ամեն ինչի համար անզիջում պայքար է, որի պատճառով աշխարհում սերն է պակասում, ատելությունն ու թշնամանքը` շատանում: Մարդկությունը դատապարտված է պայքարի` բացառապես ունենալով ապրելու գերխնդիրը: Աշխարհն էլ մի պատառ չոր հացի պես շարունակում է մանրանալ:
Այո°, կյանքը պայքար է, սակայն պայքար էլ կա, պայքար էլ…
Ջավախքում ոչ թե ապրելու կամ գոյատևելու, այլ լինելիության` հայ մնալու պայքար է` մենակռիվ: Իրավամբ` մենակռիվ և այն դեպքում, երբ կողքին հայրենիքն է` Հայաստանը, թիկունքում` հայկական մեծ Սփյուռքը: Ցավոք, դարերը հուշում են, թողած ձեռագրերը` աներկբա հաստատում, որ վերքը միայն տիրոջն է ցավ տալիս: Ջավախքցին այսօր մենակ է իր ցավի, խնդիրների ու պայքարի հետ. անգամ պատերազմների ու համաճարակների տարիներին, հայկական լեռնաշխարհի այս փոքրիկ հողակտորը երբեք այսքան լքված չի եղել, որքան այսօր: Ինչպես իրենք են ասում` ՙՀայրենիքին այսքան մոտ, բայց այսքան հեռու և անկարեկից՚: 
Թեև, Հայաստանը քաղաքական ՙլուրջ՚ տարաձայնություն ու հակամարտություն չունի Վրաստանի հետ, սակայն տեղի հայությունը` հատկապես ջավախքահայությունը վրաց իշխանավորների ազգային խտրականության ու հայատյաց քաղաքականության ներքո, վերջին երկու տասնամյակների ընթացքում ունեցավ այն լուրջ խնդիրները, ինչպիսիք երբևէ չէր ունեցել:
Խստահայացք, հաստատակամ, ծանրախոհ, ուսումնատենչ. ջավախքցուն բնորոշ որակական այս հատկանիշներն այլևս նրա համար չեն: Հայերենի արմատական բառարանում պետք է ուրիշ բառեր փնտրել, որովհետև կյանքի դժվարությունները փոխել են լեռնահայի դիմագիծն ու ներաշխարհը:
Ժամանակին հայ ու համաշխարահային մշակույթի, գիտության ականավոր գործիչների աստղաբույլ ծնած ժողովուրդը կանգնած է դժվարին կացության առաջ. ուր ահագնացող սպառնալիք է դառնում հայի ազգային դիմագիծը խեղող վրացականացման վտանգը: Ջավախքի հայ առաքելական եկեղեցու սպասավորը այսօր` 21-րդ դարում, տնետուն է անցնում, դռնեդուռ թակում, խնդրում է ու համոզում, որ հայն իր երեխային հայկական դպրոց տանի, քանի որ բավարար թվով աշակերտներ չունենալու դեպքում հայկական դպրոցներին սպառնում է փակման վտանգը: Հայ պատմաբաններին խնդրում եմ հիշեցնել` հայոց պատմության որ դարաշրջանում է մեկ էլ այսպիսի ցավալի էջ հիշատակվել: Հավելեմ միայն, որ հաշված օրեր էին մնացել ուսումնական տարվա սկսվելուն, երբ այս մասին պատմող տեսանյութը եթեր հեռարձակեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության ՙՀայլուր՚ լրատվական ծրագիրը: 
Սակայն, ՙՁայն բարբառոյ յանապատի՚. լռեց և’ Հայաստանը, և’ Սփյուռքը:
Վախի, անկարողության, թե չեզոքության կեցվածք է սա: Հեռավոր Սինգապուրի, Կատարի կամ Մալթայի մի քանի տասնյակ հայության համար ցավում ու մտահոգվում է Հայաստանը, այն դեպքում, երբ աչքի առաջ ջավախքահայությունը (ողջ վիրահայությունը) օտարվում է ինքն իրենից, հազարամյա արմատներից ու մայրենիից: Անշուշտ, Ջավախքցին գիտակցում է, որ Հայաստանի համար հեշտ օրեր չեն, և կյանքն էլ մետաքսե ճանապարհ չէ` Արցախ, Հայոց ցեղասպանություն, հայ-թուրքական հարաբերություններ և դիվանագրտական մեծ ներկայացում տարածաշրջանում: Այս իրավիճակում Ջավախքը, բացառապես իր հայապահպանման խնդրով, շատերի կողմից համարվում է ոչ պատեհ առիթի: Ջավախքցին չի ընդունում իր նկատմամբ Հայաստանի որդեգրած կրավորական կեցվածքը:
Հայաստանի Հանրապետության անտարբերությունը Ջավախքում վրացական ՙբարենորգումներին՚ ի պատասխան ընդգծել է այսպիսի տեսարան. հետզհետե ամայացող գյուղեր, հոգևոր աշխարհից ու մշակույթից կտրվող ժողովուրդ, գամված հողին` զուտ հացի համար: Ցավով պիտի հիշեմ Ավետիք Իսհակյանին, որ գուժում էր գալուստը ոգու սովի, ՙոգու սով է Ջավախքում՚: Մինչ այստեղ ՙոգու սով է՚, հոգեորսն է ահագնանում. աղանդները որջեր են դնում ՙքաղցած ոգիներում՚: Իսկ օգնության կանչերը մնում են անպատասխան…
Ջավախքի հավատավոր ժողովուրդն ավելի քան մեկ դար Հայ առաքելական եկեղեցու գերագույն սպասավորի` Ամենայն Հայոց կաթողիկոսի ճանապարհին է սպասում: Որպեսզի անհիմն և հանիրավի չհնչի մեղադրանքս, աճապարեմ հիշեցնել, որ երջանկահիշատակ Խրիմյան Հայրիկը վերջին հայ կաթողիկոսն էր, ով 1895 թվականին այցելել է Ախալքալաք` իջևանելով Համո Օհանջանյանի տանը: Վեհափառի օրհնությունն ու հայրապետական աղոթքը կարծես ճակատագրի շռայլություն են հավատացյալ այս ժողովրդի համար, ինչին նրանք 115 տարի է չեն արժանանում: Եվ որքան էլ որ նրանք փորձում են հասկանալ, թե ինչո±ւ է Ամենայն հայոց կաթողիկոսը շրջանցում Ջավախքը, չեն կարողանում: Այս էլ որերո±րդ անգամ է, որ Սրբազանի պաշտոնական ու ոչ պաշտոնական այցելությունները հետաձգվում են անհասկանալի հիմնավորմամբ: Իրոք` անհասկանալի…
ՙՀռոմի պապը թե ճամփա էլնի, ավելի շուտ կհասնի, քան Ամենայն Հայոց կաթողիկոսը՚, ՙՍտամբուլ ու Բաքու կերթա, հըմը Ջավախք չի գա՚, ՙՄեր Կաթողիկոսը Ամերիկա, Մոսկվա կերթա, Ախալքալաք ի±նչ էնե գա՚, ՙԴռներես կանցնի, ներս չի մտնի՚, …, միթե արդարացի չէ ջավախքցու վրդովմունքը: Դրա իրավունքն ունեն, մենք ենք տվել մեր անտարբերությամբ:
Եվ ՙՁայն բարբառոյ յանապատի՚…
Ամռան վերջին օրերին, երբ ՀՀ կրթության նախարարության հրավերով Սփյուռքի ու Ջավախքի մանկավարժներն էին Հայաստանում, ջավախքցի մանկավարժը գուժեց, որ տեղի հայկական դպրոցների գոյությանը հինգ տարի է մնացել: Հայկական դպրոցների փակման, կամ վրացականացման սպառնալիքը Դամոկլեսյան սրի պես մեկ տասնամյակ է ինչ ճոճվում է ջավախքցու գլխավերևում:
Ջավախքի ՙխնդիրներին ավելի մոտիկից ու անձամբ ծանոթանալու՚ նպատակով ՀՀ կրթության նախարարի ՙընդհատակյա՚ շրջայցի հրապարակված արդյունքներն այդքան էլ հուսադրող չեն. քանի որ շատ ծրագրեր նախատեսվում են իրագործել մյուս տարի: Եթե իրագործեն. ընթացող անիվի ընթացքը ետ փոխելը քիչ է հավանական: Երբեմնի հայախոս ու հայաշունչ Ջավախքում հայերենը դառնում է օտար լեզու, շաբաթական յոթ դասաժամը կրճատվել է դառնալով չորս: Բացատրական և ուղղագրական բառարանների խիստ կարիք կա: Հայ գրականությունը հայերենին հատկացված չորս դասաժամյա ծրագրում զուր է փրկության տեղ փնտրում: Հայոց պատմություն առարկան Հայոց պատմության էջերը կերտող ժողովրդի գալիք սերնդի համար դառնում է նախասիրական (ֆակուլտատիվ) առարկա, որի դասավանդումը դրվում ուսուցչի խղճի վրա…: 
ՙՋավախք՚ հեռուստաընկերությունը գտնվում է կաթվածահար վիճակում է, այն ավելի շատ թաղման գործակալության կայան է հիշեցնում, իսկ լրատվական հաղորդումները ժամանակից ու աշխարհից մի քանի շաբաթ ետ են ընկել…, համակարգչային համացանցի լրատվության տարրական հնարավորություններն անգամ այստեղ չեն օգտագործվում: Հայաստանյան օրաթերթ կամ նոր գիրք ու գրականություն կգտնե±ք, դժվար է ասել: Ժողովուրդը կարոտ է արվեստագետի, մտավորականի ու գիտնականի խոսքին ու զրույցին: Մինչ կարոտի քաղցը կհագենա սերիալային վիրուսն այստեղ էլ հասցրել է ժողովրդին վարակել: Իսկ մատաղ սերունդը համակարգչային խաղերի աշխարհից այն կողմ ոչինչ չի տեսնում: Վիրտուալ աշխարհի երազխաբությունը նրանց համար գերադասելի է իրական կյանքի դժվարություններից: 
Ինչպե±ս կանվանեք այս բնանկարը, եթե ոչ ՙՈգու սով՚:
Եվ դեռ այսքանից հետո հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները որակվում են` իբրև ամենաբարձր մակարդակի ու բարի դրացիական: Ով է տվել դիվանագիտական այսպիսի որակում, երբ բացահայտ է ազգային խտրականության, ատելության քաղաքականությունը: Համոզված եմ` սա ՙմեկ հոգու խաղ չէ՚, մի ողջ համակարգի մշակած ծրագրի իրագործման մեկնարկ է, որն իրագործման է հանձնված հոգեկան անհավասարակշիռ վիճակում իշխանության գլուխ կանգնած վրաց նախագահին: Հայաստանում այդ խեղկատակին հյուրընկալում ենք գրկաբաց, պատվում, մեծարում, ով վերադառնալով շարունակում է վանդալիզմը. սրբապղծել հայկական վանքերն ու խաչքարերը, ոտնահարել իր երկրի տարածքում գտնվող բազմահազար հայության ինքնության ու լինելիության իրավունքները:
Միթե թույլ պիտի տանք, որ տասնամյակներ անց այս հողի գալիք հայ սերունդը մոռանա, որ հայն է աշխարհում առաջինը Քրիստոնեությունն ընդունել, Մաշտոցն է Հայոց տառերը ստեղծել, Խորենացին` Հայոց պատմությունը, Նարեկացին` Սուրբ Նարեկը, Կոմիտասը` Հորովելը և որ Անդրանիկը` Հայոց Զորավար, Սևակը` մտքի հանճար է եղել…
 Միթե թույլ պիտի տանք, որ տասնամյակներ անց այս հողի գալիք հայ սերունդը մոռանա Տերյանին, Ջիվանուն, Մանանդյանին, Կոջոյանին, Սուրենյանցին, Դեմիրճյանին, Զաքարյանին, Ազնավուրին, …, և վրացերեն մրմնջա` ՙՀայր մեր…՚-ը:
Մենության մեջ չխեղդենք կանչը Ջավախքի, քանի դեռ մի նոր Սուրենյանց չի վրձնել ՙՈգու սովը Ջավախքի՚….
Գուցե, դարը չդատի, պատմությունն էլ լռի, բայց սերունդները չեն ների… 

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴՅԱՆ
ՙՈւխտ Արարատի՚ ամսագրի փոխխմբագիր
Просмотров: 318 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar