«Ես չեմ հասկանում այն ջավախահայերին, ովքեր տեղափոխվել են Հայաստան, փոխել են իրենց վրացական անձնագրերը հայկականի ու հիմա խոսում են Ջավախքի դեմոգրաֆիական խնդիրների ու զանգվածային արտագաղթի մասին»,- հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երեւանում իր վրացի գործընկեր Ալեքսնադր Շաշկինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Մրաժամանակ նա ընդգծեց, որ ներկայումս Վրաստանի ԿԳ նախարարության հետ համատեղ նախադրյալներ են ստեղծում Ջավախքից արտագաղթը կանխելու համար: Դրա համար խորացվելու է վրացերենի ուսուցումը Ջավախքի դպրոցներում, որպեսզի հայ երիտասարդները կարողանան ամբողջությամբ ինտեգրվել Վրաստանի հասարակական կյանքում եւ ցանկություն չառաջանա լքել երկիրը:
Իր հերթին, Վրաստանի ԿԳ նախարար Շաշկինը հայտարարեց, որ այս տարի Վրաստանի բուհերի ընդունելության քննությունների ժամանակ աննախադեպ քայլ է կատարվել. թույլ է տրվել, որ հայերը միայն մեկ քննություն հանձնեն, այն էլ հայերենով: Այսինքն նրանք ազատվել են վրացերենով հանձնվող քննություններից, ինչը պարտադիր է երկրի բոլոր քաղաքացիների համար:
«Այդ հիմքով բուհ է ընդունվել 200 հայ երիտասարդ, ովքեր սովորում են ամբողջությամբ պետբյուջեի հաշվին: Նրանք բուհում վրացերենի խորացված կուրս են անցնում, որպեսզի ամբողջությամբ ինտեգրվեն վրաց հասարակությանը»,- ասել է Շաշկինը:
Արմեն Աշոտյանն էլ նշել է, որ Ջավախքում մեկ լուրջ խնդիր կա, որը ոչ մի կերպ կապված չէ Վրաստանի կրթական քաղաքականության հետ: «Բանն այն է, որ իրենք` Ջավախքի հայերը նախընտրում են իրենց երեխաներին տալ ոչ թե հայկական դպրոցներ, այլ ռուսական: Վերցնենք կոնկրետ օրինակ. Ախալցխայում կա երեք հայկական եւ մեկ ռուսական դպրոց: Երեք հայկական դպրոցներում, միասին վերցրած, սովորում է 900 աշակերտ, իսկ 1 ռուսական դպրոցում` 800 աշակերտ եւ բոլորն էլ հայեր են»,- նշել է Աշոտյանն, ընդգծելով, որ Ջավախքի հայերը առանձնապես չեն էլ ձգտում ինտեգրվել Վրաստանի հասարականական կյանքում, իրենց երեխաներին պատրաստելով արտագաղթի: Ի դեպ, Վրաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ հայկական դպրոցները ֆինանսավորվում են պետության կողմից: